KOSMA Ayurvedic and Wellness Center
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from KOSMA Ayurvedic and Wellness Center, Health/Beauty, Baghramyan 75, Yerevan.
22/07/2025
Այսօր, նախորդ նյութերի համատեքստում, հոգեկան և մարմնական տիրույթի առողջական խնդիրների առաջացման գործում էական նշանակություն ունեցող ևս մեկ հասկացության հետ կծանոթանանք․
ՑԻԿԼԵՐ
Այն, ինչից կխոսենք, դժվար թե կարողանաք այլ աղբյուրներում գտնել։
Մարդու, ինչպես և ամբողջ նյութական աշխարհի գոյությունն ու զարգացումը ընթանում է որոշակի ցիկլերով կամ ցիկլերի շրջանակներում։ Դրանք փոքրից մեծ են և բազմաթիվ են՝ մարմնի բջիջների գործունեությունից սկսած մինչև արեգակի շուրջ մոլորակների պտույտը։ Մարդը որոշակի մեծ ցիկլերի մի մասնիկ է՝ ենթակա դրանց ներգործությանը այնպես, ինչպես որ իր ներսում յուրաքանչյուր բջիջ կամ օրգան-համակարգ ենթարկվում է իր մարմնի գոյության ցիկլերին։
Մարդու զարգացման գործընթացում բոլոր ցիկլերն էլ կարևոր են։ Բայց մենք հոգևոր, մարմնական և որոշ այլ ասպեկտներով ավելի շատ կարևորում ենք մարդու կյանքի 7-ամյա և 12-ամյա ցիկլերը։
Դրանցից առաջինը՝ 7-ամյա ցիկլերը կապված են մարդու էներգոինֆորմացիոն համակարգի և դրա գլխավոր կենտրոնների՝ 7 հիմնական չակրաների զարգացման հետ․ այս մասին դեռ կխոսենք։
Կյանքի 12-ամյա ցիկլերը կապված են և համընկնում են մեր արեգակնային համակարգի գլխավոր էներգոինֆորմացիոն կենտրոնի՝ արեգակի կենսագործունեության մեկ ամբողջական 12-ամյա ցիկլի հետ, երբ մարդը արեգակի հետ մեկտեղ և նրա նմանությամբ թևակոխում է ներքին վերակառուցման և հոգևոր արթնացման հերթական փուլ։ Իրենց երջանիկ համարելու առիթ ունեն այն մարդիկ, ում հաջողվել է բոլորել իրենց կյանքի 84-րդ տարին․ նույնիսկ այն պարագայում, եթե նրանք իրենց ողջ կյանքի ընթացքում ոչ մի հոգևոր զարգացում էլ չեն ապրել և կամ չեն էլ հասել ինքնագիտակցության բարձր աստիճանի, միևնույն է, մեծ շանս են ստանում ազատագրվելու երկրային վերածնունդների կարմիկ շղթայից (սանսարայից) և այլևս երբեք չվերածնվելու, քանի որ իրենց երկրային կյանքում ամբողջությամբ անցել են 7 հիմնական չակրաների ակտիվացման և ինտեգրման ուղին՝ յուրաքանչյուր չակրայում անցնելով մեկ ամբողջական արեգակնային ցիկլը՝ 7 × 12 = 84 տարի։
Մինչ 7-ամյա ցիկլերի դիտարկմանը անցնելը, փորձենք հասկանալ, թե ինչու՞ ենք մենք այսքան կարևորում մի այնպիսի էներգետիկ համակարգ, որը հնարավոր չէ մեր ունեցած զգայարաններով կամ տեխնիկական միջոցներով որևէ կերպ տեսնել կամ զննել։
Այն էներգիան, որը մենք ֆիզիկապես զգում ենք մեր մարմնում՝ սերտորեն կապված է ավելի նուրբ, հոգևոր էներգիայի հետ, ավելի ստույգ՝ նրա արտահայտումն է մարմնում։ Այս երկու համակարգերը փոխկապակցված են, մշտական փոխազդեցության մեջ են և ձևավորում են միասնական էներգետիկ կառուցվածք։ Նուրբ (հոգևոր) և նյութական (ֆիզիկական) մակարդակների փոխազդեցությունը իրականանում է էներգետիկ կենտրոնների՝ չակրաների միջոցով կամ շնորհիվ։ Բարձրագույն տատանումներով նուրբ էներգիան, անցնելով մարդու էներգետիկ կառուցվածքի տարբեր շերտերով, ներթափանցում է ֆիզիկական մարմնի կառուցվածքի մեջ՝ ազդելով մոլեկուլային մակարդակի վրա, ներառյալ գենետիկական նյութը (ԴՆԹ)։ Այս գործընթացում տեղեկատվական հոսքերը միավորվում են էներգետիկ հոսքերի հետ՝ ձևավորելով բարդ համակարգ, որը մասնակցում է ինքնակարգավորման, կենսաբանական ռեսուրսների վերականգնման և էներգետիկ մաքրման ու փոխակերպման գործընթացներին։ Այս ամենը տեղի է ունենում շրջանաձև ցիկլի կամ շրջապտույտի տեսքով՝ որպես հոգևոր և ֆիզիկական մակարդակների միջև էներգետիկ շարունակական փոխանակման և փոխակերպման մշտական գործընթաց։
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ
10/07/2025
Քանի որ էջի նյութերը պրակտիկ գիտելիքներ տալու նպատակ ունեն, այդ պատճառով մարդու 7 հիմնական էներգետիկ կենտրոնների մասին համառոտ կխոսենք միայն առողջական խնդիրներ ստեղծելու տեսանկյունից։
Չակրաներ կամ էներգետիկ կենտրոններ
1. Մուլադհարա (արմատային չակրա)․
Երբ այս կենտրոնում խնդիր կա, դա կարող է պատճառ դառնալ՝ ոտքերի և ծնկների ցավերի, ոսկրերի ու հոդերի հիվանդությունների, ստորին վերջույթներում սաստիկ լարման ու հոգնածության, ողնաշարի և կոնքի դիրքի շեղումների, խանգարումների, մեջքի ստորին հատվածի ցավերի, թութքի, փորկապության, աղիքային լուրջ խանգարումների, արյան շրջանառության և մաշկային խնդիրների, միզասեռական համակարգի օրգանների հիվանդությունների, քրոնիկ հոգնածության, զարկերակային բարձր կամ ցածր ճնշման, իմունային համակարգի թուլացման, քրոնիկ, առանց ակնհայտ պատճառի տագնապի, վախերի, անհանգստության (ընդհուպ մինչև պարանոյա), մարդկանց ու կյանքի նկատմամբ անվստահության, դեպրեսիայի՝ գոյության անիմաստության զգացումով, վնասակար նյութերի (ալկոհոլ, սնունդ, դեղեր) նկատմամբ թուլության, կախվածության, հիպերակտիվության կամ հակառակը՝ ապաթիայի առաջացման համար։
2․ Սվադհիսթհանա (սակրալ չակրա)․
Երբ այս կենտրոնում խնդիր կա, դա կարող է պատճառ դառնալ՝ միզասեռական համակարգի օրգանների հիվանդությունների՝ միզուղիների, մեզապարկի, երիկամների ինֆեկցիոն հիվանդությունների, կիստաների, պոլիպների, դաշտանային ցիկլի խանգարումների, ուռուցքների, էնդոմետրիոզի, անպտղության, շագանակագեղձի բորբոքման, ստամոքսի և մարսողական համակարգի մյուս օրգանների խանգարումների, մեջքի ստորին հատվածի խրոնիկ ցավերի, երիկամների գործունեության խանգարումների, թախծի, տխրության խորը զգացման՝ առանց պատճառի, էմոցիոնալ անկայունության, կախվածության՝ սեռական կամ էմոցիոնալ կապվածության առումով, սեռական թուլության կամ սառնության, հոգեբանական կախվածության՝ այլոց վերաբերմունքից, կապվածության տարբեր հաճույքի աղբյուրներից (որպես փախուստ իրականությունից) առաջացման համար։
3. Մանիպուրա (արևային հյուսակ)
Երբ այս կենտրոնում խնդիր կա, դա կարող է պատճառ դառնալ՝ ստամոքսի հետ կապված հիվանդությունների (գաստրիտի, խոցի), սննդային ալերգիաների, լյարդի հիվանդությունների (հեպատիտ, լյարդի ճարպակալում), լեղապարկի քարերի կամ բորբոքման, 12-մատնյա աղու, ենթաստամոքսայի գեղձի հիվանդությունների, խոլեստերինի բարձրացման, ալիմենտար ճարպակալման, շաքարային դիաբետի, փորլուծության կամ փորկապության, տարաբնույթ մետաբոլիկ խանգարումների, ամեն ինչ կառավարելու մանիայի կամ վերահսկողությունը կորցնելու վախի, զայրույթի պոռթկումների կամ չարտահայտված զայրույթի կուտակման, խորքային, թաքնված ամոթի կամ մեղքի զգացման, թունավոր ինքնաքննադատության, օբսեսիվ-կոմպուլսիվ անձնային խանգարման (օր.՝ բծախնդրություն, վերահսկողության պահանջ), սեփական «ես»-ից դժգոհության և սոցիալական մեկուսացման առաջացման համար։
4. Անահաթա (սրտի չակրա)
Երբ այս կենտրոնում խնդիր կա, դա կարող է պատճառ դառնալ՝ սրտի հիվանդությունների, ինֆարկտի, զարկերակային բարձր կամ ցածր ճնշման, թոքերի և բրոնխների հիվանդությունների (բրոնխիտ, ասթմա), խրոնիկ հազի, կրծքավանդակում սեղմվածության զգացման, անեմիայի, արյան բաղադրության և շրջանառության խախտման, ուսերի ցավերի, կողային նևրալգիայի, միալգիայի, խրոնիկ սթրեսի և դրա հետևանքով առաջացած շնչառական խնդիրների, վստահելու ու սիրելու զգացմունքի արգելափակման, չգիտակցված ցավի պատճառով սառած էմոցիոնալ վիճակի, խոր, անմոռանալի վիրավորանքի, սոցիալական մեկուսացման՝ պաշտպանվելու բնազդով, սիրո կորստի կամ «կոտրված սրտի» հետ կապված չբուժվող տրավմայի, "ես արժանի չեմ սիրո" մեկնաբանմամբ ներքին դատապարտման առաջացման համար։
5. Վիշուդհա (կոկորդի չակրա)
Երբ այս կենտրոնում խնդիր կա, դա կարող է պատճառ դառնալ՝ վահանաձև գեղձի խանգարումների ու հիվանդությունների, տոնզիլիտի, լարինգիտի, ձայնի կորուստի, կոկորդի քրոնիկ բորբոքումների, քթի խոռոչի հիվանդությունների, լեզվի և ծնոտի խնդիրների, պարանոցի հատվածի ցավերի ու լարվածության, շնչառական տարբեր խանգարումների, պարանոցի, կզակի հատվածում ակնեի, դիսֆագիայի (կլլման ակտի խանգարում), չարտահայտված բառերի հետևանքով հուզական ճնշվածության, ազատ խոսելու, արտահայտվելու (հատկապես սեփական կարծիքի, զգացմունքների մասին), ստեղծագործական դրսևորման վախի, գոռոզամտության, սուտ խոսելու կամ ինքնապաշտպանական բնազդով ճշմարտությունը խեղաթյուրելու պաթոլոգիկ հակման, ինտրավերտության առաջացման համար։
6. Աջնա (երրորդ աչք)
Երբ այս կենտրոնում խնդիր կա, դա կարող է պատճառ դառնալ՝ գլխացավերի (միգրեն), ճակատի լարվածության, աչքի հիվանդությունների, տեսողության վատացման, հիպոֆիզի և էնդոկրին համակարգի խնդիրների, հորմոնալ խանգարումների, նյարդային համակարգի հիվանդությունների, նևրոզի, վեգետո-անոթային դիստոնիայի, քնի խանգարումների, անքնության, ցրվածության, հիշողության վատացման, գերզգայունության կամ ընկճվածության, խուճապային հոգեվիճակի, ընկալման ու կողմնորոշման խախտման, սթափ դատողության ու իրավիճակի գնահատման ունակության կորուստի (գերսրված զգացմունքայնության պատճառով), փսիխոտիկ վիճակների, շիզոտիպիկ անձնային խանգարումների, ոչ ռացիոնալ, սակայն ուժեղ զգացողություններով ինտուիտիվ վախերի առաջացման համար։
7. Սահասրարա (պսակային չակրա)
Երբ այս կենտրոնում խնդիր կա, դա կարող է պատճառ դառնալ՝ նյարդային համակարգի բարդ հիվանդությունների (ցրված սկլերոզ, պարկինսոնի հիվանդություն), էպիլեպսիայի, միգրենի ծանր տեսակների, քրոնիկ հոգնածության, քնի խանգարումների, դեպրեսիայի, շիզոֆրենիայի, մարմնում էներգիայի սպառվածության, գանգի հատվածի մշտական գլխացավերի, թուլության, ցնցումների, կաթվածի, ներքին դատարկության, բարոյալքվածության մշտական զգացողության, կյանքի անիմաստության և աննպատակ լինելու ընկալման, հոգեկան խռովմունքի, անհատականության դիսոցիատիվ խանգարումների (որպես հոգեկան հիվանդությունների սկիզբ), էքզիստենցիալ ճգնաժամերի, շրջակա աշխարհի ու երևույթների նկատմամբ պաթոլոգիկ գերզգայունակության առաջացման համար։
09/07/2025
Որոշ հաջորդիվ նյութեր հասկանալի լինելու համար որոշակի հասկացությունների վերաբերյալ պատկերացում է անհրաժեշտ կազմել։
Չակրաներ․
Չակրաները (սանսկրիտով՝ चक्र , նշանակում է "անիվ", "պտույտ") հին հնդկական հոգևոր և բժշկական համակարգերում նկարագրված էներգետիկ կենտրոններ են, որոնք հանդիսանում են մարդու կենսական էներգիայի շրջանառության առանցքները։
Այս հասկացությունը գալիս է վեդայական ավանդույթներից՝ հիշատակվելով ավելի քան 3000 տարվա պատմություն ունեցող այուրվեդայի, յոգայի ու տանտրայական ուսմունքներում։ Չակրաները դիտարկվում են որպես աչքի և տեխնիկայի միջոցների համար անտեսանելի կենտրոններ, որոնցով կենսաէներգիան՝ պրանան (կյանքի ուժը), հոսում է մարդու մարմնով։
Յուրաքանչյուր չակրա հանդիսանում է յուրատեսակ «կառավարող կենտրոն»՝ կապված որոշակի ֆիզիկական օրգանների, նյարդային հանգույցների, գեղձերի և հոգեվիճակների հետ։ Այդ համակարգը նման է մի շատ բարդ էներգետիկ քարտեզի, որը կապում է մարմինն ու գիտակցությունը՝ մի ամբողջություն դարձնելով մարդու ֆիզիկական, հուզական, մտավոր և հոգևոր գոյությունը։ Չակրաները անցնում են մարդու ֆիզիկական և մյուս՝ ավելի նուրբ էներգետիկ մարմիններով (1․ Ֆիզիկական մարմին, 2․ Եթերային մարմին, 3․ Աստրալ մարմին, 4․ Մենթալ մարմին, 5․ Կազուալ կամ կարմիկ մարմին, 6․ Հոգու կամ ինտուիտիվ մարմին, 7․ Ոգու կամ աթմանիկ մարմին) ու ոչ միայն նրանց միջև կապող օղակ են, այլև կենտրոններ, որոնցում էներգիան մինչ մյուս մարմնին անցնելը համապատասխան տրանսֆորմացիայի է ենթարկվում։
Երբ չակրաները հավասարակշռված են, մարդը իրեն զգում է առողջ, կենսունակ և հոգեպես հավասարակշռված։
Երբ չակրաները արգելափակված են կամ ճիշտ չեն գործում, կարող են ի հայտ գալ ինչպես ֆիզիկական հիվանդություններ, այնպես էլ հոգեկան անհավասարակշիռ վիճակներ։
Այս գիտելիքները ժամանակի ընթացքում տեղափոխվել են նաև դեպի արևմտյան հոլիստիկ բժշկություն, մեդիտացիոն և էներգետիկ թերապիաներ, դառնալով հոգու և մարմնի առողջացման գործիք։
Այսպիսով, չակրաները մարդու ներքին կյանքի քարտեզն են, և աշխատելով դրանց հետ՝ մենք կարող ենք բարելավել ֆիզիկական առողջությունը, հոգեկան հավասարակշռությունն ու հոգեվիճակը։
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ
10/06/2025
Վեդայական ակունքներից սկիզբ առնող հնագույն մի պրակտիկայով եմ ուզում կիսվել մեր էջի հավատարիմ հետևորդների հետ։
Կանոնավոր կերպով կատարելով այն՝ հնարավոր է դանդաղեցնել մարմնի ծերացման բնականոն ընթացքը, մշտապես թարմացնել օրգանիզմը, ամեն օր օգտակար էներգիայի լրացուցիչ հոսք ստանալ։
Ավելի ուշ շրջանում այս պրակտիկան տիբեթյան վանականների կողմից ձևափոխվելով՝ օգտակար վարժությունների «Հինգ մարգարիտների» խմբում է տեղ գտել, ստանալով «Վերածննդի աչք» անվանումը և կատարվում է ճիշտ հակառակ ուղղությամբ, իսկ օրինակ սուֆիների մոտ այն պահպանվել է իր սկզբնական տարբերակին հարազատ։
Ինչու՞մ է կայանում պրակտիկայի էությունը։
Կանգնիր ուղիղ դիրքով, ձեռքերդ տարածիր դեպի կողքեր՝ ուսերի բարձրությամբ։ Դրանից հետո սկսիր հանգիստ պտտվել դեպի ձախ կողմ (ժամացույցի սլաքին հակառակ ուղղությամբ), վերահսկվող և սահուն շարժումներով, պարելու նման։ Բարձրացրու աջ ձեռքդ ու պահիր թևդ 90 աստիճան ծալած անկյան տակ, իսկ ձախը թող մնա ուղիղ։ Սկսիր 3-5 պտույտից, հետագայում կարող ես հասցնել անսահմանափակ քանակի պտույտների՝ բայց միայն այն բանից հետո, երբ զգաս, որ մարմինդ պատրաստ է դրան։ Պտտվելու ընթացքում կարող ես աջ ձեռքովդ պահել գլուխդ՝ գլխապտույտից խուսափելու համար։ Առողջական լուրջ խնդիրներ ունեցող և պատկառելի տարիքի մարդիկ պետք է զգուշություն պահպանեն։
Ի՞նչ է տեղի ունենում, երբ կատարում ենք նման պտույտներ։
Նախ հավասարակշռվում և միմյանց հետ սինխրոնացվում են մարդու բոլոր «էներգետիկ կենտրոնները»։
Մարմնի դեպի ձախ ուղղությամբ կատարվող պտույտների ժամանակ կենտրոնախույս ուժի ազդեցության տակ, որն ուղղված է դեպի վեր, մարմինը լիցքավորվում է երկրագնդից ներքաշվող էներգիայով, օրգանիզմում ակտիվանում են կատաբոլիկ գործընթացները, լիցքավորվում և նորացվում է մարմնի յուրաքանչյուր բջիջը։ Պրակտիկան կանոնավոր կատարողը որոշ ժամանակ հետո կարող է նկատել, որ նույնիսկ իր ճերմակող մազերը սկսել են աստիճանաբար անհետանալ։
Պտույտների շնորհիվ բարելավվում են լիմֆատիկ, նյարդային և արյունատար համակարգերի գործունեությունը, վերանում են սթրեսն ու դեպրեսիան, խրոնիկ հոգնածությունը, աշխուժանում է տրամադրությունը, ըստ որոշ տվյալների, օրգանիզմում ակտիվանում է նաև օգտակար միկրոէլեմենտների՝ օրինակ պղնձի, երկաթի, ցինկի արտադրությունը։
Դեռ անհիշելի ժամանակներից մարդիկ նկատել են, որ դեպի ձախ պտույտը կամ շարժումը լրացուցիչ էներգիայի աղբյուր է հանդիսանում։ Եթե ուշադրություն դարձնեք՝ անգամ շատ սպորտաձևերում պտուտաձև ընթացքի ուղղվածությունը միշտ դեպի ձախ է․ վազորդները վազքուղիներով վազում են դեպի ձախ, ձիարշավարաններում մրցող ձիավարներն ընթանում են դեպի ձախ, արագ սահքի մրցումներում սահորդները դեպի ձախ են սլանում, գեղասահորդները իրենց օդային պտույտները (օրինակ՝ Axel, Lutz, Salchow և այլն) կատարում են ժամացույցի սլաքին հակառակ ուղղությամբ, բալետի պարուհիները իրենց պտույտները՝ պիրուետները, նույնպես կատարում են ժամացույցի սլաքի շարժմանը հակառակ ուղղությամբ, նմանատիպ օրինակները շատ են և բոլորը ունեն մի նպատակ՝ լրացուցիչ էներգիա ստանալու հաշվին երկարաձգել հոգնելու և ուժասպառվելու պրոցեսը։
Մահմեդականները իրենց ուխտագնացության ժամանակ «թավաֆ» են իրականացնում՝ պտտվում են Քաաբայի շուրջը ժամացույցի սլաքին հակառակ ուղղությամբ։ Սուֆիների պարային պրակտիկան՝ դերվիշների պտույտը, նույնպես ունի համանման նշանակություն։ Նրանց բոլորի համար դեպի ձախ պտտվելը ճանապարհ է՝ Արարչին մոտենալու, մարմինն ու հոգին ներդաշնակեցնելու։ Սկզբնապես այն կատարվել է միայն սրբավայրերում և որպես գիտելիք հասու է եղել միայն սուֆիների օրդենի անդամներին, այդ պատճառով էլ ստացել է «սուֆիների պտույտներ» անունը։
Դառնանք մեր պրակտիկային։
Պտույտներից հետո անչափ օգտակար կլինի մի որոշ ժամանակ պառկել գետնի վրա ու մարմնով ու մտքով հանգստություն ստանալ՝ այդ ընթացքում դանդաղ ներշունչ ու արտաշունչ կատարելով, այսինքն՝ կատարել Շավասանա։ Ինչպես այն կատարել՝ կարող եք մոտավոր պատկերացում կազմել համացանցից, իսկ Շավասանայի կատարման հատուկ և ավելի արդյունավետ մի տեխնիկայի, որը համացանցի ոչ մի նյութում չեք հանդիպի կամ յոգայի ոչ մի ուսուցիչ չի կարող իմանալ՝ պատեհ առիթով առանձին նյութ կնվիրեմ։
01/05/2025
Երբ պատկառելի տարիքի մարդիկ ընկնում և կոտրվածք են ստանում, դրա համար վաղուց արդեն կա բոլորին բավարարող բացատրությունը՝ թե տարիքի հետ ոսկրային հյուսվածքը կալցիումի պակասելու հետևանքով կորցնում է իր ամրությունը, դառնում փխրուն և ընկնելու հետևանքով՝ հեշտությամբ կոտրվում է։
Բայց շատ դեպքերում մարդիկ ոչ թե ընկնելու հետևանքով են կոտրվածք ստանում, այլ հակառակը՝ հենց ընկնում են ոտքի ոսկորը կանգնած տեղը կամ քայլելուց կոտրվելու պատճառով։ Ասեմ ավելին՝ դրա հիմնական մեղավորը բնավ կալցիումի պակասը չէ։
Ոսկորը օրգանական և անօրգանական նյութերի զարմանալի համաձուլվածք է, որն իր ֆունկցիան կատարելու համար պետք է ոչ միայն ամուր լինի, այլև ճկուն։
Եթե ոսկրից հեռացնենք օրգանական նյութերը, ապա այն կվերածվի ավազի կույտի, իսկ միներալները հեռացնելու դեպքում այն կդառնա փափուկ հյուսվածք, որը հեշտությամբ կարելի է ճկել կամ ծալել։
Անօրգանական ծագման նյութերը ոսկրանյութի կազմի մեջ շատ են և կալցիումի, ինչպես նաև մագնեզիումի և ֆոսֆորի դերը այդ նյութերի շարքում բավական կարևոր է, բայց մինչ դուք, ոսկրերի ամրությունն ապահովելու համար, կալցիում պարունակող մթերքներ եք ընդունում կամ հաբեր, տարիների ընթացքում հաստատուն կերպով մաշվում է ոսկրի ամրությունն ապահովող այն շերտը, որի կազմության մեջ առանցքային դեր է խաղում բոլորի կողմից անարդարացիորեն անտեսված մեկ այլ էլեմենտ՝ կրեմնիումը (սիլիցիում)։
Եթե կալցիումը գերակշռում է ոսկրի ներքին շերտում, ապա նրա արտաքին շերտում, որը և պատասխանատու է կառուցվածքային ամբողջականության ու ամրության համար՝ վճռորոշ դեր է խաղում հենց կրեմնիումը։ Որքան ոսկրում շատանում է կալցիումը, այնքան բարակում է արտաքին՝ կրեմնիում պարունակող շերտը, հետևաբար՝ մեծանում կոտրվածք ստանալու ռիսկը։
Այս էլեմենտը կարևոր գործոն է հանդիսանում ոչ միայն ոսկրերի, այլև բոլոր շարակցական հյուսվածքների առաձգականության և ճկունության համար, քանի որ նաև կոլագենային միացությունների ամենակարևոր բաղադրիչներից է։
Այն կարևոր պայման է հանդիսանում նաև հոդերի շարժունակության, ջլերի, ատամների, մաշկի, մազերի, եղունգների, քրտնագեղձերի, ճարպագեղձերի, աորտայի և մնացած անոթների պատերի լավ վիճակի համար։ Կրեմնիումը ոչ միայն կանխում է ոսկրային հյուսվածքի միներալիզացումը և օստեոպարոզի զարգացումը, այլև արգելակում է անոթներում աթերոսկլերոտիկ փոփոխությունների առաջացումը և Ալցհեյմերի հիվանդությունը։ Ոչ պակաս կարևոր է նրա դերը նաև նյարդային համակարգի անխափան գործառնության, ինչպես նաև լավ հոգեվիճակի համար։
Ուզում եք կանխարգելե՞լ մարմնի վաղաժամ ծերացումը և դրա ամենաբազմազան ոչ հաճելի արտահայտումները։
Այդ դեպքում ձեր սննդակարգում ընդգրկեք մթերատեսակներ, որոնցում կրեմնիումի պարունակությունը բարձր է, իհարկե առանց չարաշահման, քանի որ դրա մշտական ավելցուկը կարող է խաթարել ֆոսֆոր-կալցիումային փոխանակությունը, առաջացնել միզաքարային հիվանդություն։ Կարևոր է նաև մարսողական տրակտի ճիշտ գործունեությունը, որպեսզի աղիները կարողանան այս նյութը յուրացնել սննդից։
Ստորև կթվարկեմ կրեմնիում պարունակող բնամթերքների ցանկը՝ ամենաբարձր պարունակողից սկսած, նվազման կարգով։
Բրինձ /հատկապես շագանակագույնը/, վարսակ, կորեկ/պրոսո/, գարի, քունջութ, սոյա, գետնամորի, լոբի, շաղգամ, անանաս, գետնանուշ, ոսպ, կանաչ ոլոռ, սեխ, բրոկոլի, բազուկ, բանան, ավոկադո, եգիպտացորեն, հնդկաձավար․ կարծում եմ, այսքանը բավարար կլինի։
Բավական մեծ և դյուրությամբ յուրացվող կրեմնիումի պաշար կա հետևյալ դեղաբույսերի վերգետնյա մասերի մեջ՝
ձիաձետ /хвощ/, մատիտեղ կամ ճնճղապաշար / спорыш, горец птичий/, եղինջ /крапива/, խատուտիկ /одуванчик/, տատրակ /мать и мачеха/։ Մինչ որևէ դեղաբույս օգտագործելը հարկավոր է մանրամասն ծանոթանալ նրա բոլոր հակացուցումներին և խստիվ պահպանել անհրաժեշտ չափաքանակները, ինչպես նաև պրոֆիլակտիկ նպատակներով օգտագործման դեպքում չգերազանցել 7 օրից ավել կուրսերը։
Օրգանիզմի կողմից ամենահեշտ յուրացվող կրեմնիումը հանքային ջրերի մեջ է, իհարկե ոչ նրանց, որոնք վաճառվում են խանութներում, այլ բնական աղբյուրներից բխող։
Կրեմնիումի ստվար քանակ օրգանիզմը կարող է ստանալ նաև սպիտակ կավից, որը անվանում են նաև կաոլին։
04/03/2025
Գարնանային հոգնածության համախտանիշ․
Գարնան գալու հետ մեկտեղ, երբ բնությունը նոր շունչ է առնում ծաղկելու և կրկին իր կյանքի ակտիվ փուլը սկսելու համար, շատ մարդկանց մոտ նկատվում է եթե ոչ խրոնիկ հիվանդությունների սրացում, ապա ուժասպառ վիճակ, կարծես օրգանիզմի ռեսուրսները չեն բավարարում բնության հետ համընթաց քայլելու, չկան կենսական այն ուժի ու էներգիայի հորդումը, ակտիվությունը, առույգությունը, խանդավառությունը, որով մուտք պետք է գործես գարուն, դրա փոխարեն, անկախ տարիքից և առողջական վիճակից, կա խրոնիկ թվացող հոգնածություն։
Բացի ուժերի անկումից, շատերի մոտ սկսվում է անքնություն կամ քնկոտություն, նյարդային, դյուրագրգիռ վիճակ, ընկճվածություն, ճնշվածություն, ապատիա, ուշադրության և հիշողության վատացում, տրամադրության փոփոխականություն, թուլություն, գլխապտույտներ, իմունիտետի, աշխատունակության անկում և այլն։
Մարդու մոտ նման ասթենիկ վիճակը մենք կոչում ենք գարնանային հոգնածության համախտանիշ։ Այն իրեն առավել զգացնել է տալիս մարտ-ապրիլ ամիսներին և առկա է երևի թե մարդկանց գրեթե կեսի մոտ։ Հատկապես խոցելի են էմոցիոնալ ու հոգեպես ոչ բավարար չափով կայուն մարդիկ, նաև նրանք, ովքեր զգայուն են եղանակային փոփոխությունների հանդեպ, ունեն խրոնիկ հիվանդություններ, օրվա անկանոն ռեժիմ, ինչպես նաև հղիներն ու տարեցները։
Համախտանիշի առաջացման պատճառները շատ են՝ օրգանիզմը հյուծված է լինում ձմռան ընթացքում, վատնում է իր կուտակած էներգետիկ և վիտամինային պաշարները, տանում է ինֆեկցիոն հիվանդություններ, որոնք թուլացնում են մարմինը, գարնան հետ փոխվում է օրվա ու գիշերվա հարաբերակցությունը, որի հետ մեկտեղ՝ լուսավորության ռեժիմը, ինչը հատկապես նյարդային համակարգի վրա խթանիչ ազդեցություն է գործում, տեղի են ունենում որոշակի փոփոխություններ նաև էնդոկրին համակարգում։
Ժամանակակից բժշկությունը չունի այս խնդրի դեմ լուծում, ասել է թե՝ խեղդվողի փրկությունը իր իսկ ձեռքերում է, այսինքն՝ ինքներդ պիտի փորձեք օգնել ձեր օրգանիզմին՝ վերականգնելու իր բնականոն գործունեությունը։ Ի՞նչ կարելի է անել։
● Նախ կարևոր է հասկանալ, որ այս վիճակը ոչ մի հիվանդության կամ առողջական խնդրի հետ կապված չէ, այլ միանգամայն բնական երևույթ է, այն էլ մեր օրերում։
● Առաջնահերթ հարկ է կարգավորել հոգեէմոցիոնալ ոլորտը․ սկսեք ձեր առաջ նպատակներ դնելուց։ Բնությունը ունի կարևոր նպատակ՝ ծաղկել ու բարգավաճել, նոր սերունդ տալ։ Դուք էլ գտեք ձերը՝ առաջ շարժվելու համար, քանզի թեկուզ փոքրիկ նպատակները ընթանալու ամենաարդյունավետ շարժիչ ուժերն են։
● Կազմակերպեք ձեր օրվա համար գրագետ ռեժիմ, կանոնավորեք աշխատանքի, հանգստի, սննդի ընդունման ժամերը, գիշերվա լիարժեք քունը, եթե լարված աշխատանքային գրաֆիկ ունեք՝ կարողացեք լիցքաթափվելու համար ժամանակ ու միջոցներ գտնել։
● Պարտադիր դարձրեք զբոսանքները մաքուր օդում և արևի տակ, շփվեք դրական լիցքեր հաղորդող մարդկանց հետ, փորձեք չմտածել կամ մոռանալ աշխարհում կամ ձեր կյանքում առկա խնդիրների մասին, երաժշտություն լսեք, ինչու ոչ՝ փորձեք նկարել, պարել, երգել, կատարել թեթև վարժություններ, որից հետո սառը ջրով շփումներ, ապա մարմինը սրբեք կոշտ սրբիչով, փորձեք բազմազբաղ լինել թեթև, ձեզ հաճույք ու հոգեկան բավարարվածություն պատճառող, այլ ոչ հոգնեցնող գործերով կամ զբաղմունքներով, սննդակարգում ընդգրկեք դյուրամարս, վիտամիններով ու հանքանյութերով հարուստ մթերքներ, կերեք քիչ, բայց առնվազն 2-3 անգամ։
● Ինչպես արդեն նշեցի, առավոտյան թեթև լիցքային վարժությունները, դրան հաջորդող սառը ջրով մարմնի շփումներով լավագույն միջոցն են մարմնին առույգություն հաղորդելու և իմունիտետը բարձրացնելու համար։
● Արագ կերպով կենսաուժ ստանալու համար կարող եք կատարել հետևյալ էներգետիկ բնույթի վարժությունը․
Կանգնեք սենյակի կահույքից ազատ տարածքում, ոտքերը դրեք իրանի լայնության, ողնաշարը և գլուխը պահեք ուղիղ, բարձրացրեք թևերը կողքերով դեպի վեր և պահեք այնպիսի բարձրության վրա, որ դրանք իրանի հետ կազմեն ուղիղ անկյուն, ձեռքերի երեսներն ուղղեք դեպի ձեզ այնպես, որ նախաբազկի հետ կազմեն գրեթե ուղիղ անկյուն, այնուհետև մի աննշան կքանստեք, մնացեք այդ դիրքում 20-30 վայրկյան։ Ամեն ինչ ճիշտ կատարելու դեպքում մարմնում ուժի և էներգիայի հոսք կզգաք։ Կարելի է այս վարժությունը կատարել օրվա ընթացքում մի քանի անգամ, բայց չգերազանցելով յուրաքանչյուր անգամ կես րոպե տևողությունը։
● Վերցրեք 30-ական գրամ մոշենու, ազնվամորու և սև հաղարջենու տերևներ, խառնեք, մանրացրեք, ստացված խառնուրդից վերցրեք 1 թեյի գդալ, ավելացրեք 2-3 հատիկ մասուր, վրան լցրեք եռացրած, 80°-ի հասցրած 1 բաժակ ջուր, թողեք թրմվի 20 րոպե, քամեք։ Ընդունեք այս թեյից օրը 3 անգամ։
● Վերցրեք 100-ական գրամ սև թանթրվենու և 50-ական գրամ կեչու ու եղինջի տերևներ, մամխենու ծաղիկներ, մանրացրեք, խառնեք։ Ստացված խառնուրդից 2 ճաշի գդալի վրա լցրեք 0,5 լիտր եռացրած ջուր, եփեք 5 րոպե, թողեք հովանա, քամեք։ Խմեք 75 մլ-ից օրը 2 անգամ, առաջին ընդունումը ուտելուց 30 րոպե առաջ, երկրորդը՝ ուտելուց 2 ժամ հետո։
02/03/2025
Որքան ծիծաղելի կլիներ, եթե խանութից դանակ գնելիս վաճառողը քեզ զգուշացներ, որ այն վտանգավոր է, քանի որ դրանով կարող ես ոչ միայն հաց կտրել, այլև՝ մատդ։ Բայց երբ առողջական խնդրով դիմում ես բժշկի՝ հանրապետության ամենահայտնի բուսաբուժական կլինիկաներից մեկը ու քեզ, իբրև բուժման միջոց, տալիս են ամենաթունավոր բույսերից մեկի ոգեթուրմը ու անգամ չեն բարեհաճում զգուշացնել, որ դա ոչ թե ամենաբուժիչ էլիքսիր է, այլ ուժեղագույն թույն՝ դա արդեն ծիծաղելի չէ։
Եվ սա դեռ միայն իմ տեսադաշտում հայտնված արդեն որերորդ դեպքն է, երբ սպիտակ խալաթ կրող անձը չարաշահում է իր հանդեպ մարդկանց տածած վստահությունը և մի երկու գրոշ աշխատելու համար, անտեսելով բժշկության ամենահիմնաքարային դրույթը՝ ՄԻ՛ ՎՆԱՍԻՐ, ռիսկի տակ է դնում հիվանդի ոչ միայն առողջությունը, այլև՝ կյանքը։
Այսօր ուզում եմ խոսել մի բույսի ոչ թե բուժական հնարավորությունների, այլ այն հնարավոր վտանգների մասին, որոնց հետ կարող եք ընդհարվել դրա ոչ ճիշտ կիրառման կամ գերդոզավորման պարագայում, եթե այն ձեզ խորհուրդ են տվել օգտագործել «բարի կամեցողները», նշածս վայ-բժիշկները, բուսաբույժները կամ համացանցը։
Գինեզոխ պիսակավոր կամ բծավոր (Болиголов пятнистый, Conium maculatum), բույս, որը տարբեր առողջական խնդիրներ հաղթահարելու համար մարդիկ օգտագործել են դեռ հազարամյակներ առաջ, բայց և միաժամանակ թույն, որն օրինակ երկար ժամանակ Հին Հունաստանում որպես մահապատժի պաշտոնական միջոց էր կիրառվում։
Բույսի գրեթե բոլոր մասերում մի քանի ուժեղ թունավոր նյութերի /ալկալոիդների/ մի ամբողջ փունջ է պարունակվում՝ կոնիին, գամմա կոնիցեին, մեթիլկոնիին, կոնհիդրին, պսևդոկոնհիդրին և այլն։ Սրանցից յուրաքանչյուրն ինքնին խիստ թունավոր նյութ է և դրանց բոլորի մասին խոսելը շատ ծավալուն կլինի, նաև, ելնելով որոշ նկատառումներից, չեմ ուզում անդրադառնալ դրանց այն ազդեցություններին, որոնք հեռահար բնույթ ունեն, այսինքն՝ դեռ տևական ժամանակ շարունակվում են օրգանիզմի տարբեր օրգան-համակարգերում, շարունակվում աննկատ, նույնիսկ եթե սուր թունավորում չի արձանագրվել և մարդը բարեհաջող, առանց արտառոց պատահարների վերջացրել է իր «բուժման» կուրսը և նույնիսկ իր համար դրական արդյունք է գրանցել։
Համառոտ կխոսեմ նրա բաղադրիչներից միայն մեկի և ամենաթունավորի՝ կոնիինի մասին։ Կոնիինի 0,15 գրամը մահացու է չափաքանակ է համարվում։
Վերջինս նեյրոպարալիտիկ ազդեցության թույն է, որն արագ ներծծվում է մարսողական տրակտից արյան մեջ և անվտանգ համարվող չափաքանակի պատահական ու անգամ չնչին գերազանցման դեպքում կարող է հանգեցնել կենտրոնական նյարդային համակարգի վնասման, շարժողական և զգայական նյարդերի ծայրամասերի պարալիզացման(անշարժացում, ընդարմացում, անզգայացում), սեկրետոր գեղձերի գրգռման(թքարտադրություն, սրտխառնոց, փսխում, լուծ), շնչառության խանգարման՝ ընդհուպ մինչև շնչահեղձություն և մահ։
Նյութը օրգանիզմից դուրս գալու երկու ճանապարհ ունի՝ թոքերը և երիկամները, ըստ այդմ էլ, այս երկու օրգանները տուժում են ամենից շատ, իսկ վնասվելու ենթակա ամենառաջինների թվում են նյարդամկանային սինապսները և վեգետատիվ նյարդերի գանգլիոնները։
Թունավորման կլինիկական դրսևորումներից են՝
բրոնխոսպազմ, քրտնարտադրության ուժեղացում, զարկերակային ճնշման բարձրացում, տրեմոր, սրտխառնոց, բերանում այրոցի զգացում, ատակսիա (հավասարակշռության և կոորդինացիայի խանգարում), բիբերի լայնացում, մարմնի ջերմաստիճանի անկում, շնչառության հաճախացում, շնչառական անբավարարություն, մկանային թուլություն կամ վերջույթների պարալիչ, գլխացավ, տեսողության խանգարում, տախիկարդիա, որը փոխարինվում է բրադիկարդիայով, ջղաձգություն, գիտակցության մթագնում՝ ընդհուպ մինչև կոմա, ավելի ուշ կարող են առաջանալ կմախքի մկանների և երիկամային խողովակիկների նեկրոզ, սուր երիկամային անբավարարություն։
Ի՞նչ առաջին օգնություն կարող եք ցուցաբերել այն մարդուն, ով անզգուշաբար կամ չգիտակցելով իր արածի հետևանքները, ընդունել է բուսամիջոցի մեծ չափաքանակ և ում մոտ առկա են վերը նշված ախտանիշներից առնվազն մի քանիսը։
• Բույսի մնացորդների հեռացում ստամոքսից (փսխման արհեստական առաջացում, ստամոքսի լվացում նախապես բուսական յուղով պատված զոնդի միջոցով)․
• Ադսորբենտների ընդունում` թույնի ներծծումը կանխելու նպատակով (ակտիվ ածուխ, տանինի 0,1 % լուծույթ, վուշի սերմերի լորձ, օսլայե կիսել): Այս միջոցները ձեռքի տակ չունենալու դեպքում կարելի է թունավորվածին տալ 2-3 ձվի սպիտակուց` 300-500գ կաթի հետ խառնված․
• Աղիների լվացում (կարելի է նաև լուծողականների կիրառում` 25-30գ. նատրիումի կամ մագնեզիումի սուլֆատը` 2-3 բաժակ ջրում): Աղեստամոքսային սուր արտահայտված երևույթների դեպքում բացառել լուծողականները․
• Շնչառության թուլացման դեպքում կատարել արհեստական շնչառություն (քթին մոտեցնել անուշադրի կաթիլներ)․
• Մաշկը վնասվելու դեպքում մի քանի անգամ լվանալ ջրով (օճառով, 2% կալիումի պերմանգանատի լուծույթով)․
• Անոթազարկի թուլացման դեպքում տալ սուրճ կամ թեյ։
12/02/2025
Պատահական մի խոսակցություն առիթ տվեց մտորելու այն հարցի շուրջ, թե ինչպես մարդկանց առողջության համար պատուհաս դարձած «քաղաքակրթությունը» կարող է հեռացնել մեզ ոչ միայն բնությունից, այլև՝ հենց մեզանից, մեր մարմնից, այնպես, որ մեր սեփական մարմնի հոտն անգամ այլևս կարող է մեզ խորթ ու նույնիսկ տհաճ թվալ։
Մարդկանց վաղուց արդեն ստիպել են մոռանալ իրենցը, փոխարենը զանազան անուշաբույր, բայց օտար հոտերով պատել տալով մարմինները։ Ընդսմին, տարածում են գտել պնդումներ, թե մարդկանցից յուրաքանչյուրն ունի իրեն հարազատ պարֆյումի հոտը, որը ներդաշնակ է իր մարմնի հոտի հետ, իրենն է, համահունչ է իր մարմնին։
Ինքնըստինքյան հասկանալի է, որ մեր կյանքի ընթացքում օրավուր փոփոխվող բազմաթիվ հանգամանքներ են մասնակցում մեր մարմնին բնորոշ հոտի ձևավորմանը, բայց ի սկզբանե մեզանից յուրաքանչյուրն ունեցել է և ունի իր մարմնի յուրահատուկ բույրը, այն, ինչ իրեն տրված է եղել ի ծնե, բնությունից, և մարդն իր բնույթին հարազատ մնալու և ֆիզիկապես ու հոգեպես առողջ լինելու պարագայում միշտ պահպանում է այն։
Բույրերի թեմային մենք դեռ ոչ մեկ անգամ ենք անդրադառնալու, իսկ այսօրվա նյութով մեր էջի հետևորդների համար մի փոքրիկ տեղեկատվություն եմ պատրաստել՝ օգտվելով հնագույն աղբյուրներից, թե ինչպես են բուրում մարդիկ՝ կախված իրենց ծննդյան օրերից։
Եվ երբ հետայսու որևէ մեկը խոսի «իր» հոտից, տեղեկացրեք նրան, թե ինչպիսին պիտի լինի նրա իրական բուրմունքը։
04/12/2024
Դժվար է պատկերացնել, թե բնությունը որքան շռայլ է մեր հանդեպ։
Շատ անգամ, մինչ մենք, ընկած այսուայնկողմ, մեզ տանջող առողջական խնդրից ազատվելու հնար ու միջոց ենք որոնում, հրաշք սպեղանին կարող է գտնվել նույնիսկ մեր ոտքերի տակ։
Նման մի «սպեղանուց» կխոսենք այսօր, մի հասարակ բուսատեսակից, որն իրապես և ոտքի տակ է։
Խոսքը առվույտի մասին է (Люцерна посевная, Medicago sativa), ժողովրդական լեզվով՝ «յոնջա»։ Որքան էլ որ տարօրինակ հնչի՝ այս բույսը բավական ընդարձակ սպեկտրի բուժական հատկություններ ունեցող միջոց է։
Բույսը պարզապես օգտակար նյութերի շտեմարան է՝ ճարպաթթուներ, եթերայուղեր, պեկտիններ, ստերոիդներ, կալիում, կալցիում, նատրիում, մագնեզիում, երկաթ, ֆոսֆոր, վիտամիններ В1, В2, В5, В6, В12, Е, К, D, А, РР, U, C։
Կոլպիտ, էրոզիա, ուրետրիտ, ցիստիտ, նեֆրիտ, փորկապություն, ակնե, ֆուրունկուլոզ, շաքարային դիաբետ, պարոդոնտոզ, արտրիտ, արտրոզ, պոդագրա, ռևմատիզմ, անեմիա, աթերոսկլերոզ, բրոնխեալ ասթմա, սրտի իշեմիկ հիվանդություն, ստամոքսի և տասներկումատնյա աղու խոցային հիվանդություն՝ սա ոչ ամբողջական ցանկն է առողջական այն խնդիրների, որոնք կարելի է հաղթահարել կամ թեթևացնել առվույտի միջոցով։
Օգտակար է ոչ միայն առվույտը, այլև իր սերմը։ Նյութի ծավալային ծանրաբեռնվածությունից խույս տալու նպատակով հակիրճ անդրադառնանք նրա օգտագործման մի քանի կոնկրետ օրինակների։
Շաքարային դիաբետի դեպքում՝
1 ճաշի գդալ մանրացված խոտաբույսի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել 40 րոպե, քամել, ընդունել օրվա ընթացքում 3 անգամով։
Քաշ հավաքելու համար սիրոպ՝
300 գրամ մանրացված խոտաբույսի վրա ավելացնել 1 լիտր եռացրած ջուր, եփել մարմանդ կրակի վրա՝ մինչև ջուրը մնա նախկինի ուղիղ կեսը, քամել, ջրին ավելացնել շաքար ըստ ցանկության։ Ստացվածը 1 օրվա ընդունելիքն է։
Օրգանիզմի ընդհանուր ամրապնդման և իմունիտետի բարձրացման համար ոգեթուրմ՝
1 ճաշի գդալ մանրացված բույսի վրա լցնել 100 գրամ 40%-անոց սպիրտ, թողնել 2 շաբաթ թրմվելու մութ տեղում, քամել, ընդունել 10-ական կաթիլ օրը 3 անգամ։
1 թեյի գդալ սերմը լվանալ և խմել մեկ բաժակ ջրով, օրը 3 անգամով, օգտագործման ընդհանուր տևողությունը՝ 6 ամիս, 2 ամիս ընդունում, 1 ամիս ընդմիջում, այսինքն՝ 3 հատ 2-ամսյա կուրսեր ընդմիջումներով․ Այդ ընթացքում կկարգավորվի ոչ միայն աղեստամոքսային տրակտի աշխատանքը, այլև կլավանա տեսողությունը և նույնիսկ կկանգնի մազերի սպիտակելու պրոցեսը։
Առվույտի ամենաթաքնված հնարավորությունները նրա ծլեցված սերմերի մեջ են։
3-4-օրյա ծլած սերմերը ոչ միայն ֆիտոէստրոգենների հարուստ աղբյուր են կանանց համար, այլև քաղցկեղի և սրտի հիվանդությունների կանխարգելման ամենագործուն միջոցներից մեկը։ 1 ճաշի գդալ սերմը լցրեք ապակյա տարայի մեջ և վրան ավելացրեք մաքուր սառը ջուր այնքան, որ ծածկի սերմերը 1-1,5 սմ, ծածկեք տարան մառլյայով, դրեք տաք տեղ 12 ժամով։ Այնուհետև թափեք ջուրը, փքված սերմերը թողեք տարայի մեջ 3-4 օր, 12 ժամը 1 անգամ լվանալով գոլ ջրով, ծիլերը 2 սմ հասնելուց հետո դրեք արևի տակ։ Ստացված ծիլերը /մոտ 200 գրամ/ 1 օրվա չափաբաժին է և այն կարելի է ընդունել ձեր նախընտրած եղանակով։ Սառնարանային պայմաններում ծլեցրած սերմը կարելի է փակ տարայով պահպանել մինչև 5 օր։
Առվույտի օգտագործումը նպաստում է ոսկրային հյուսվածքի, եղունգների ու մազերի ամրապնդմանը, մաշկի էլաստիկության բարելավմանը։ Ահա օգտագործման ևս մեկ օրինակ՝ նրա բողբոջներով կարելի է հարստացնել սալաթների բաղադրությունը։
Չնայած իր օգտակարությանը, բույսն ունի որոշ հակացուցումներ՝ այն արգելվում է հղիներին, մինչև 3 տարեկան երեխաներին, աուտոիմուն հիվանդություններ ունեցողներին։
Անկախ օգտագործման ձևից ու նպատակից, առվույտը և իր պատրաստուկները խորհուրդ է տրվում ընդունել 2 ամսից ոչ ավել կուրսով և մեկամսյա ընդմիջումով։
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
Baghramyan 75
Yerevan
0033
